«Այբփոդի» այս էպիզոդի թեման «Տեղահանված երեխաների կրթության իրավունք»-ն է: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը փոխեց հարյուրավոր մարդկանց կյանքեր, խախտեց նրանցից շատերի հիմնարար իրավունքները: Պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղահանված մարդկանց մեջ մեծ թիվ էին կազմում երեխաները, որոնք ստիպված էին փոխել իրենց տունը, միջավայրը, դպրոցն ու հարմարվել նոր կյանքին: Պատերազմից մեկ տարի անց նրանց մի մասը վերադարձել է Արցախ, մի մասն էլ շարունակում է ապրել Հայաստանում՝ կրթություն ստանալով այստեղ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այս էպիզոդում քննարկել ենք տեղահանված երեխաների կրթության իրավունքին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացող պատերազմի, ինչպես նաև հետպատերազմյան փուլում արձանագրված կրթական իրավունքի խախտումներին: Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ երեխաների մի մասը լեզվական խոտանների պատճառով չի կարողացել հեշտ ըմբռնել ուսումնական նյութը, գերծանրաբեռնված դասարանների պատճառով հնարավոր չի եղել հավուր պատշաճի կազմակերպել դասն ու ֆորմալ կրթության փոխարեն ապահովել որակյալ կրթություն, կան երեխաներ, որոնք առհասարակ զրկվել են կրթություն ստանալու իրավունքից:
Արցախի ՄԻՊ-ի՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումներից տուժած երեխաների իրավունքների մասին զեկույցը՝ վիճակագրական տվյալներով, կարող եք գտնել այս հղումով։