«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ծնող Ռուզան Ղազարյանը, որի երկու երեխաներն են դպրոց գնում, և «Այբ» դպրոցի ծնող Լիլիթ Մկրտչյանը, որի չորս երեխաներն են դպրոցահասակ: Լիլիթ Մկրտչյանի ընտանիքում կրթությունն առաջնահերթություն է: Նա գտնում է, որ եթե ուզում ենք ապագայի վառ տեսլական ունենալ, պետք է ամուր հիմքերի վրա դնել կրթությունը որպես համակարգ: Ներգրավվածություն չի նշանակում, թե ինչ գնահատական ստացավ երեխան, ինչ թվանշան ունի օրագրում, որն, ըստ նրա, մեզ տանում է կործանման: Առանցքային ուշադրություն պիտի դարձնել բովանդակության վրա, միասին քննարկել որևէ բան, կարծիք հայտնել, քննադատական մտածողության տեսանկյունից նայել և այլն: Երբեմն մեկ երեխայի դասը դառնում է ամբողջ ընտանիքի քննարկման թեման, որին միանում են հայրիկն ու մյուս երեք երեխաները, և կրթությունը դառնում է հաճելի պրոցես բոլորի համար: Ռուզան Ղազարյանի համար էլ թվանշանը երբևէ կարևոր չի եղել: Դպրոցում ծնողի ներգրավվածությունը չի չափվում ֆինանսական ներդրմամբ, այլ դպրոցի առօրյայի մեջ ներգրավմամբ: Կարևորը երեխայի՝ դպրոց հաճույքով հաճախելն է, ոգևորելը անգամ ծնողներին, որ նրանք էլ մի նոր բան սովորեն: Չէ՞ որ մեր երեխաներն ապրում են այլ ժամանակներում, նրանք ունեն բազմաթիվ հնարավորություններ, և ծնողները միշտ պիտի սովորեն նրանց հետ զուգընթաց: