«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում քննարկել ենք հոգեբանի դերը հանրակրթական դպրոցում: Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի հոգեբան Իննա Խաչիյանը 1996 թվականից է աշխատում ուսումնական հաստատություններում, սակայն հանրակրթական դպրոցում հոգեբանի հաստիքը ներդրվել է շատ ավելի ուշ: Դպրոցի հոգեբանի գործառույթները խիստ տարբերվում են այլ հոգեբանների աշխատանքից: Եթե մասնագետը աշխատասենյակում նստած սպասի, թե երբ են աշակերտներն իր մոտ գալու, որ պատմեն հույզերի, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին, բաց կթողնի ամենակարևորը: Դպրոցի հոգեբանը շրջում է անդադար, կազմակերպում տարբեր հանդիպումներ, ակտիվ համագործակցում ուսուցչական և ծնողական համայնքի հետ: Ուսուցիչները չափազանց ծանրաբեռնված աշխատանքային ժամեր ունեն, հետևաբար հոգեբանի ներկայությունը դպրոցում կամուրջ է դառնում, որ խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան: Պատահում է, որ ուսուցիչը վրդովվում է աշակերտի պահվածքից և հոգեբանի դիտարկումների շնորհիվ է, որ մեկ այլ տեսանկյունից է մոտենում հարցին ու պարզում, որ այն ավելի հեշտ լուծելի էր, քան ինքը պատկերացնում էր: Խաչիյանը վստահ է, որ չկան վատ աշակերտներ. ամեն մարդու մեջ կարելի է հենակետ բացահայտել ու ոգեշնչել նրան: Հոգեբանի գործառույթների, մինչև այժմ գրանցված հաջողությունների, անելանելի իրավիճակների և այլ հարցերի մասին է այս թողարկումը: