«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը կրթության փորձագետ, «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայական խմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն է: Նախորդ թողարկման ընթացքում մենք քննարկել ենք նախագծահեն ուսումնառությունը տարրական դասարաններում թեման, իսկ այժմ ավելի ընդգրկուն ենք անդրադառնում հարցին: Կրթության փորձագետն ասում է, որ մեզանում թյուրըմբռնում կա, թե նախագիծ անելն ու նախագծահեն ուսումնառությունը նույնն են, իրականում երկու տարբեր երևույթներին մանրակրկիտ անդրադարձ անելով՝ Անահիտ Հովհաննիսյանը առարկայական օրինակներով է ցույց տալիս հիմնական տարբերությունները: Պատմելով «աղանդեր», «խավարտ» և «շվեդական սեղան» բնորոշումները ստացած նախագծերի մասին` նշում է, որ եթե սրանք փոքրիկ հանձնարարություններ են, որոնք ևս աշակերտին տալիս են հմտություններ, գիտելիք, ապա նախագծահեն ուսումնառության առանցքային պահանջն է վերջնարդյունք սահմանելը: Սա է պատճառը, որ ուսուցիչները կարիք ունեն այսպես ասած տեխնիկական վերազինման, վերապատրաստումների, որպեսզի պատկերացնեն, թե ինչպես է այս մեթոդն աշխատում: Բազմաթիվ են կարողությունները, որոնք զարգանում են նախագծահեն ուսումնառություն իրականացնելիս, այդ թվում՝ ստեղծարարություն, թիմային աշխատանք, պատասխանատվություն, հաղորդակցություն և այլն: