«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են «Այբ» դպրոցի տարրական դասարանի դասվարներ Մարինե Ստեփանյանը և Հայարփի Սաղաթելյանը: Դպրոցում տարրական դասարաններից սկսած իրականացվում է երկու տեսակի նախագծային ուսումնառություն՝ միջառարկայական և մենառարկայական: Ուսուցչուհիները պատմում են իրենց իրականացրած նախագծերի մասին և նշում, որ այս ուսումնառությունը կրթությունը դարձնում է հաճելի, դինամիկ գործընթաց: Ամենակարևորը, որ թիմային աշխատանքի միջոցով որոշակի ճանապարհ անցնելով՝ երեխաները ձեռք են բերում գիտելիքներ ու զարգացնում հմտություններ, որոնք կիրառելի են կյանքում: Մարինե Ստեփանյանը բերում է դպրոցում իրականացված «Ջրի նախագիծ» օրինակը և փաստում, որ յոթ տարեկան երեխաներն այնքան էին տարվել աշխատանքով և այնքան նոր բաներ էին սովորել, որ ավարտից հետո հետևողական էին բոլորի հանդեպ, որ ջուրը չվատնեն: Հայարփի Ստեփանյանն էլ մեկ այլ օրինակ է մտաբերում, երբ մայրենի լեզու, կերպարվեստ ու ինֆորմատիկա առարկաների համատեղ նախագիծ են արել ու մի քանի առակներ վերածել տեսաաուդիո պատմության: Երկար ժամանակ օգտագործելով նախագծային ուսումնառությունը դպրոցում՝ ասում են, որ բացասական որևէ դիտարկում չունեն: Այս մեթոդը ուսուցչից լրացուցիչ ջանք է պահանջում, բայց այն ավելի քան արդարացված է, որովհետև տալիս է երկարաժամկետ ու արմատական գիտելիք: