«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում կարիերայի ուղղորդման փորձագետ Հայկուհի Գևորգյանի և «Այբ» դպրոցի կրթական խորհրդատու Ռուզաննա Մայիլյանի հետ քննարկել ենք մասնագիտության ընտրության նշանակությունը, անդրադարձել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը, խոսել կարիերայի աճի մասին: Ամեն մեկս պատմել ենք, թե ինչպես ենք մենք մասնագիտություն ընտրել և փորձել հասկանալ, թե արդյո՞ք խորհրդային տարիներից ցայսօր, երբ ազատ տնտեսական հարաբերություններ են, որոշումների կայացման մեծ հնարավորություններ կան, ինչ է փոխվել: Ծնողները երբեմն փորձում են իրենց չիրականացված երազանքները տեսնել երեխայի մեջ, երբեմն էլ անհրաժեշտ հմտությունների պակաս ունեն երեխային ուղղորդելու հարցում: Ծնողը պետք է մենտորի դեր կատարի, աջակցի երեխային, հավատա նրան, այլապես արհեստի ոլորտում հրաշալի ունակություններ ունեցող երեխան ծնողի երազանքի հետևից գնում է բարձրագույն ուսումնական հաստատություն, հուսահատվում, հիասթափվում և արդյունքում կա՛մ հետ գալիս իր նախընտրած մասնագիտությանը, կա՛մ հարմարվում: