«Այբփոդ» փոդքաստի 61-րդ թողարկման ընթացքում մշակութաբան Համլետ Մելքումյանի հետ անդրադառնում ենք մշակութային իրավունքներին, որոնք մարդու իրավունքի կարևորագույն և հիմնարար բաղադրիչներից են: Մշակութային իրավունք հասկացությունը բավական լայն է և ընդգրկում է պարզից մինչև բարդագույն տերմիններ։ Մարդն իրավունք ունի ինչպես թատրոն, փառատոն գնալու, ստեղծագործելու, այնպես էլ պահպանելու իր մշակութային ժառանգությունը, տեր կանգնելու վերջինիս և ոտնահարման դեպքում դիմելու համապատասխան կառույցների: Կարծրատիպ է, թե մշակույթը միայն վեհության մասին է, և հարցին, թե արդյո՞ք, օրինակ, ռաբիս երաժշտությունը ևս մշակույթի մի մաս է, հյուրն արձագանքում է, որ այո': Հենց դա է մշակութային իրավունք ունենալու գլխավոր խնդիրը. բոլորն իրավունք ունեն ստեղծագործելու: Այլ բան է, որ հասարակությունը, իր արժեքների վրա հիմնելով, ընտրում է, թե որն է իրեն հոգեհարազատ, բայց ստեղծագործելու իրավունք պետք է ունենան բոլորը: Մշակութային իրավունքների իրազեկման լավագույն ձևերից մեկը կրթության մեջ դրա ներառումն է։ Երեխաների պաշտպանության օրը, դիցուք նկարելուց և փուչիկներից զատ, առաջին հերթին հենց դպրոցահասակին իր մշակութային իրավունքի մասին տեղեկացնելու առիթ է։ Անդրադարձել ենք Երևանի հայտնի թաղամասերից մեկի` Կոնդի օտարման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, արցախցիների մշակութային իրավունքների ոտնահարման խնդիրներին և այլն: