«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Վաղարշապատի թ. 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Բարխուդարյանի և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Հարությունյանի հետ քննարկել ենք կրթության նոր չափորոշիչների բաղադրիչներից մեկը՝ ձևավորող գնահատումը: Այս մեթոդն օգնում է գնահատել աշակերտի կարողությունները, բնութագիր տալ աշխատանքին և ուղղորդել նրան՝ հասկանալու թերությունները, շտկելու բարելավման կարիք ունեցող մասերը: Մարինեն պատմում է, որ սեպտեմբերից ուսուցչուհու օգնությամբ աշխատում են ձեռագրի վրա և արդեն լավ արդյունքներ են գրանցել: Նկատել է նաև, որ դասընկերների շրջանում այս մեթոդն օգնել է առավել արդյունավետ աշխատել՝ շեշտը դնելով սեփական կարողությունների և հմտությունների վրա: Գայանե Բարխուդարյանն ասում է, որ ցանկացած երեխայի առանձնահատկություն հաշվի են առնում ձևավորող գնահատում կատարելիս, միշտ շեշտը դնում են դրական կողմերի վրա և միայն հետո անդրադառնում շտկումներին: Ձևավորող գնահատումը կարող է լինել թե՛ բանավոր, թե՛ գրավոր. այն ուսումնական գործընթացի անբաժան մաս է և օգնում է երեխաներին դառնալ ինքնավստահ, փոխօգնություն սովորել և համագործակցել: Գայանե Բարխուդարյանը մասնակցում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից «ԱԲ սերունդ» (Generation AI by FAST) ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումներին: