«Այբփոդ» փոդքաստի այս թողարկումը մենք որոշեցինք նվիրել ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանին: Նրան միշտ կարելի էր տեսնել շարժման մեջ՝ անդադար նորը փնտրելիս, գաղափարի ու բովանդակության մեջ ընկղմվելիս: Նրա ողջ կյանքը նվիրում եղավ այս երկրին, ու ինչպես նրա դուստր Ծովինարն է ասում, հայրը ավելի շատ եղավ այս երկրինը, քան իրենցը` դրա հետ մեկտեղ միշտ ժամանակ գտնելով իր բոլոր երեխաների համար: Գինոսյանի մասին զրույցների շարք պետք է անել, որպեսզի հնարավոր դառնա նրա կարճ, բայց խիստ լեցուն կյանքը ներկայացնել՝ բոլոր մանրամասներով, հսկայական աշխատանքով, որ նա անվերջ անում էր: Այս թողարկումը պարզապես նվեր է այն մարդկանց, որոնք ուզում են մի քիչ ջերմանալ, գնահատել կամ վերարժևորել ազգայինը և գուցե բացահայտել մի այլ Գինոսյանի, նրան, որ պատրաստ է Փարիզի փողոցում կանգնել անծանոթ տիկնոջ հետաքրքրասիրության պատճառով և պատմել, թե ով է հայը: