AybPod

#55 Իմ կյանքը համայնքում. բացահայտելով ու սիրելով Հայաստանը

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում դպրոցականներ Միլենան, Նարեկը, Դավիթն ու Վալենտինան պատմում են, թե ինչպես որոշեցին մասնակցել «Իմ կյանքը համայնքում» կրթական ծրագրին ու մեկնել մարզեր՝ հասնելով անգամ մինչև Սյունիք: Այս ծրագրի շրջանակում դպրոցականներին հնարավորություն է տրվում մեկնելու որևէ մարզ, սովորելու տեղի դպրոցում ու ապրելու համայնքի բնակիչների տանը՝ յուրատեսակ փորձառություն ձեռք բերելով ոչ միայն կրթական, այլ նաև հայրենաճանաչման տեսանկյունից: Վալենտինան, օրինակ, հիշում է, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքում ջրի խնդիր կար ու հյուրընկալ ընտանիքի երեխաների հետ ջուր էին կրում: Այս փոքրիկ փորձը նրան սովորեցրել է ավելի գնահատել երկիրը, հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում իր հասակակիցները մարզերում: Դավիթն էլ հիշում է, որ վախենում էր նոր մարդկանց հետ շփումից, և երբ մայրիկն առաջարկեց ամեն դեպքում փորձել մեկնել այլ մարզ, նա երկմտում էր՝ իսկ ի՞նչ, եթե չստացվի: Հիմա, երբ արդեն երեք անգամ մեկնել է տարբեր մարզեր, վստահ ասում է, որ չստացվել չկա: Նարեկը եղել է Վանաձորում և ինը օր այնտեղ անցկացնելուց հետո այնքան էր հարմարվել միջավայրին, որ ակամա երկարացնում էր բառերը, երբ Աբովյան էր վերադարձել: Միլենան գիտի, որ կարևոր չէ, թե ով որտեղից է, բոլորս էլ հայ ենք ու սա մեր միակ հայրենիքն է, որը պիտի բացահայտենք, ճանաչենք ու սիրենք: