AybPod

#54 Մեր մոլորակը ծխնելույզ չունի. ճանաչե՛ք բնությունը

Episode Summary

«Այբփոդ»-ի այս թողարկման ընթացքում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության բաժնի աշխատակիցներ Նվարդ Գևորգյանը և Վահան Զարոյանը պատմում են, թե ինչպես կարող է դպրոցական և արտադպրոցական կրթությունը քաջալերել երեխաներին պահպանել բնությունը: Սովորաբար ծնողներն են երեխաներին սովորեցնում աղբը չնետել անթույլատրելի տեղում, մաքուր պահել միջավայրը և այլն, սակայն այժմ բնապահպանական տարատեսակ ծրագրերի հասանելիության շնորհիվ երեխաները ևս ոգևորում են ծնողներին հոգ տանել բնության մասին: Նվարդ Գևորգյանն ասում է, որ մեր բնությունը մեծ սուպերմարկետի է նման, որտեղ ամեն բան կա, սակայն մեզնից յուրաքանչուրը պետք է հոգ տանի, որ առատությունը շարունակական լինի, այլապես մեր արած վատությունը կարող է վերադառնալ: Վահան Զարոյանն էլ նշում է, որ անտառ տնկելիս համայնքներում մեծ աշխատանք են տանում երեխաների ու ծնողների հետ, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ խոսքը լոկ մեկ ծառ տնկելու մասին չէ, այլ դրա կարևորության և նշանակության: Մեր մոլորակը ծխնելույզ չունի, այնպես որ պետք է ճանաչենք այն, որ կարողանանք հոգ տանել ու սիրել: