AybPod

#5 Կրթության արդիականացումը սկսվում է Տավուշից

Episode Summary

Այբփոդի այս էպիզոդում անդրադարձել ենք Տավուշի մարզում իրականացված հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմանը, որի շրջանակում գիտատեխնիկական-բնագիտամաթեմատիկական ոլորտի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը: Մարզի 82 դպրոցի ավելի քան 600 ուսուցիչ, ինչպես նաև տնօրեններ են վերապատրաստվել: Ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանի հետ խոսել ենք ամռանը մեկնարկած առաջին փուլի արդյունքներից, ուսուցիչների բարձրացրած խնդիրներից և ակնկալիքներից: Ծրագրի ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում նախագծային կրթությանը, որի շնորհիվ աշակերտները կարող են կյանքի կոչել իրենց գաղափարներն ու հանրօգուտ աշխատանք կատարել: Վերապատրաստում անցած փորձառու մենտորներն այժմ օգնում են Տավուշի մարզի ուսուցիչներին կրթության նորարարություններին տիրապետել՝ հիմնվելով լուրջ հիմք ունեցող ավանդույթների վրա: Մենտորության փուլի ընթացքում ուսուցիչներից շատերն արդեն իրենք են դարձել մենտորներ ու օգնում են գործընկերներին հավատալ, որ իրենք կարող են սովորեցնել երեխային ինչպես սովորել: Մարզի երկու գյուղերի՝ Արծվաբերդի ու Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրենները պատմել են իրենց ակնկալիքների մասին, նշել, որ կրթության արդիականացման ու նոր մեթոդների կիրառման տեսանկյունից հաճախ խնդիրների են բախվում, իսկ վերապատրաստման փուլի ընթացքում հասցրել են այնքան նոր հմտություններ ձեռքբերել, որ կրթական մարտահրավերներն արդեն առավել հեշտ են հաղթահարում: