AybPod

#49 Ամենակարևորն ազգն է. եթե հայեր կորցնենք, շատ ավելի ցավալի է, քան եթե կորցնենք այն ամենն, ինչ ունենք Արցախում

Episode Summary

Ամենակարևորն ազգն է. եթե հայեր կորցնենք, շատ ավելի ցավալի է, քան եթե կորցնենք այն ամենն, ինչ ունենք Արցախում «Այբփոդ» փոդքաստի 49-րդ թողարկման ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն անդրադառնում է Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու դրա հետևանքներին: Այս թողարկումը ձայնագրվել է սեպտեմբերի 22-ին, և բոլոր կանխատեսումները բխում են այդ օրվա իրողությունից: Փախչանյանի պնդմամբ՝ մեր բոլոր իշխանությունները, ցավոք, չեն զբաղվել ազգակերտմամբ, որովհետև ազգը միավորվում է ընդհանուր շահի կամ շահերի շուրջ: Այդ շահը պետք է հստակ ձևակերպված լինի, իսկ իշխանությունը դառնա այն ուժը, որը պիտի ծառայի դրան: Եթե մենք ազգային շահ դիտեինք մեր բնօրրանի պահպանումը, ապա Արցախի հարցը այսպես անտեսելը, որ բերեց իսկական աղետի, պարզապես անհնարին կլիներ, որովհետև ազգն ամեն օր կմտածեր՝ ինչպե՞ս պաշտպանել այն ամեն գնով: Արամի կարծիքով՝ ապագայի բացակայությունը ամենուրեք է, ու քանի որ մենք ապագայի մասին չենք կարողանում պայմանավորվել, չենք էլ կարողանում հաշտ ապրել ու իրար վստահել, որովհետև մարդիկ իրար վստահում են, եթե ունեն ընդհանուր նպատակներ: Երբ դու չունես ապագա, չունես նաև պատասխանատվություն, իսկ մեզ ապագայի ընկալում է անհրաժեշտ ձեռք բերել: Նրա կանխատեսմամբ, եթե ամեն ինչ գնա ինտեգրացիայի ճանապարհով, ապա չի զարմանա, որ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Արցախը 10 տարի հետո դառնա ամենածաղկունն և զարգացածը: Հիմա Արցախի դպրոցների միջին կրթական մակարդակն ավելի ցածր է, քան Երևանի դպրոցներինը: Մենք դա միշտ հանդուրժել ենք, չնայած արցախցի ուսուցիչները պատրաստ էին ջանք գործադրել, բայց աջակցության ծավալը չէր բավականացնում: Արամն ասում է, որ մեր ապագայի պատկերացումները միայն կենացների մակարդակում են, ոչ թե սթափ ճանապարհներ փնտրելու և իրագործման ձևեր գտնելու: Ինտեգրացիայի պարագայում այն երեխաները, որոնք սովորելու են այնտեղի դպրոցներում, պետք է հնարավորություն ունենան առցանց կրթություն ստանալու և սովորելու մայրենին, պատմությունը և այլն: Կրթությունը ջանք է. եթե չկա ուժեղ մոտիվ և ծառայելու ցանկություն, չես կարողանա լավ սովորել, պետք է ստեղծենք այդ մոտիվը, այն ամուր պիտի լինի: Մենք հիմա անգամ չգիտենք, թե ինչ է լինելու այն երիտասարդների հետ, որոնք զենքը ձեռքին պաշտպանել են իրենց ընտանիքները, այնպես որ պետք է անդադար խոսենք, բարձրաձայնենք, դառնանք խնդիր Ադրբեջանի համար: Բայց եթե մենք ուզում ենք խնդիր դառնալ, հարկավոր է գիտակցել, որ դա գին ունի և պետք է պատրաստ լինենք այդ գինը վճարելու: Արցախի բնակչությունը կլինի այնքան պաշտպանված, որքան հզոր կլինի Հայաստանը: Եթե մենք հզոր լինենք, Ադրբեջանը զգույշ կլինի այնտեղի բնակչության հետ: Վրեժը, որ մենք ունենք, կարող ենք շատ ավելի արդյունավետ կերպով օգտագործել, դարձնել մեզ համար մոտիվ՝ ոչ թե գնալով ու նրանց սպանելով, այլ դառնալով ուժեղ երկիր և դրանով պատժելով նրանց, որովհետև այն, ինչ կատարվեց, բացարձակ արդար չէր: