«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի գծով մասնագետ Հասմիկ Միքայելյանը պատմում է արտասահմանում կրթություն ստանալու իր փորձառության մասին՝ ուղղորդելով, թե ինչ կարևոր կետեր պետք է հաշվի առնել կրթական հաստատություն ընտրելիս: Հասմիկն ուսանելու փորձ ունի թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում, որտեղ սովորել է հեղինակավոր «Սմիթ» քոլեջում: Բուհ ընտրելիս առաջնահերթությունը պետք է տալ ոչ թե կրթական հաստատության հեղինակությանը, այլ այն ծրագրերին, որոնք առաջարկվում են ուսման ընթացքում: Դուք կարող եք ընտրել, դիցուք, Հարվարդի համալսարանը, սակայն որևէ այլ փոքր կրթական հաստատություն կարող է ձեր ընտրած մասնագիտությանը համապատասխանող ավելի գրավիչ առաջարկ ունենալ։ Կենտրոնացեք ծրագրերի՛ վրա: Մի անգամ Հասմիկը ցույց տվեց իր ուսանողական տարիներին արված մի լուսանկար և ասաց՝ տեսե՛ք, թե քանի ազգերի ներկայացուցիչ կա այս մեկ նկարում: Միջազգային կրթություն ստանալն օգնում է բացահայտելու այլ մշակույթներ՝ այսպիսով ընդլայնելով նաև մտահորիզոնը, և բաց լինելու նորարարությունների առաջ: Ցավոք, Հայաստանն այն երկիրը չէ, որը գրավիչ է արտասահմանցիների համար կրթություն ստանալու տեսանկյունից, և մենք մեր երկրում այլազգիների հետ կրթություն ստանալու, նրանց հետ համագործակցելու քիչ հնարավորություններ ենք ունենում, հետևաբար արտասահմանում կրթություն ստանալը այս տեսանկյունից է նաև «շահեկան»: