«Այբփոդ» փոդքաստի 47-րդ թողարկման հյուրերն են Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռոզա և Անի Սայադյանները: Անին ընդունվել է Հայաստանում Սլավոնական համալսարան, սակայն շրջափակման պատճառով չի կարողանում գալ Երևան: Նրանց գրանցել են, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով փորձեն կազմակերպել տեղաշարժը: Ռոզան՝Անիի մայրը, կրթության մասնագետ է և ասում է, որ քովիդի շրջանից մինչև օրս երեխաների կրթության կազմակերպումը ձախողվում է անդադար: Ցավալի է լսել, որ Արցախում երեխաների զրույցները վաղուց երեխայական չեն, որ 13 տարեկան երեխան իրեն այնքան մեծ է համարում, որ մտածում է՝ եթե շրջափակումը շարունակվի իր բոլոր հետևանքներով, փոքրերն ի՞նչ պիտի անեն: Շատերը մտածում են՝ հոգ չէ, շրջափակումը կավարտվի ու ամեն բան տեղը կընկնի, բայց կրթությունն այն ոլորտներից է, որ ոչ միայն համակարգային աշխատանք է պահանջում, այլև երկարաժամկետ հեռանկարում է ցույց տալիս արդյունքները: Դիցուք, դուք շիվ եք տնկում, հետո ջրում եք ծառը, հետևում եք եղանակային պայմաններին և երկար ժամանակ անց միայն քաղում պտուղները, այլապես բերքը կարող է փչանալ: Ի՞նչ բերք է մեզ սպասվում, եթե մենք տարիներ շարունակ չենք կարողանում հավուր պատշաճի հետևել «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» կոչվող ծառին: