«Այբփոդ» փոդքաստի 46-րդ թողարկման հյուրն է «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության անդամ Զեմֆիրա Քալաշյանը: Նա 2017 թվականից երկու տարի աշխատել է Ֆերիկ և Արտաշար համայնքների դպրոցներում և հասկացել, որ երբեմն ավանդույթ բառի հետևում թաքնված են շատ ավելի լուրջ խնդիրներ, քան մենք կարծում ենք: Հայաստանի՝ եզդիներով բնակեցված շատ համայնքներում չկա ավագ դպրոց, առկա են տրանսպորտի հետ կապված հարցեր, իրազեկվածության պակաս, ինչն էլ կրթությունը «հեռացնում է» համայնքից: Եթե ուսուցիչը գիտակցում է, որ 15 տարեկան երեխային ճիշտ չէ ստիպել ամուսնանալ, ապա նրա համար ի՞նչ տարբերություն՝ այդ երեխան եզդի՞ է, թե՞ հայ, եթե նա գտնում է, որ բոլոր երեխաները պետք է կրթություն ստանան, ի՞նչ տարբերություն՝ ի՞նչ ազգի երեխա է դասարանում: Եզդիները չունեն ազգային ավանդույթ, որը հորդորում է վաղ ամուսնության, ավելին, եզդիների կրոնը չի արգելում սովորելը, հետևաբար տարիների ընթացքում ձևավորված սովորույթը ներկայացնել իբրև ավանդույթ, և դա ընդունել որպես աքսիոմ, ճիշտ չէ: Երբեմն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք չունեն պետականություն, ստիպված են ընտրել կրթության և ազգապահպանության միջև: Այս համատեքստում եզդիների համար կրթությունը կարող է խոչընդոտ դիտարակվել, քանի որ երկար շրջան ապրելով մուսուլմանական պետություններում, որտեղ դպրոցում «Ղուրան»-ը՝ մուսուլմանների սուրբ գիրքն ընթերցելը պարտադիր էր, եզդիների մոտ կանխակալ վերաբերմունք է ձևավորել կրթության հանդեպ: Շատերը մտավախություն են ունեցել, որ երեխան իր կրոնը կմոռանա ու նախընտրել են նրան դպրոց չուղարկել: Ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ ի թիվս այլ գործոնների, այս իրողությունը ևս իր հետքն է թողել կրթության նկատմամբ վերաբերմունքի վրա: Ամեն բան արմատական հիմք ունի, սակայն կրթական համակարգի, ծնողների, ուսուցիչների համագործակցության արդյունքում կարելի է փոփոխություններ անել՝ հարգելով ազգային փոքրամասնության ավանդույթները, չփորձելով ոտնահարել դրանք, այլ օգնելով, որ հնարավորինս շատ մարդիկ հասկանան գիտելիքի արժեք լինելը: