«Այբփոդ» փոդքաստի 45-րդ թողարկումը մարդկային պատում է արդեն 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղից: Ուսուցչուհի, Շուշիում գործող, այժմ Ստեփանակերտում վերաբացված Դանիել Ղազարյանի անվան դպրոցի դասվար Ինգա Ալեքսանյանը պատմում է, թե ինչ մտավախություններ ունի կրթության կազմակերպման հետ կապված, եթե շրջափակումը շարունակվի: Մանկավարժը Նորագյուղ գյուղից ամեն օր Ստեփանակերտ էր գնում աշխատանքի, սակայն հուլիսի 25-ից Արցախում չի գործում միջքաղաքային և միջհամայնքային տրանսպորտը, հետևաբար դասերի սկսվելուն պես՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները չեն կարողանալու հասնել դպրոց: Դպրոցում երրորդ դասաժամից հետո տարրական դասարանի փոքրիկները միշտ ճաշելու հնարավորություն ունեին, երեխաներ կան, որոնք վերականգնողական բուժում էին ստանում Երևանում, ինչը հնարավոր չէ կազմակերպել շրջափակման հետևանքով: Ուսուցչուհին ասում է, որ երեխաների հետ առողջ սննդի կարևորության մասին են պարբերաբար խոսում, այնինչ շրջափակումը ցույց տվեց, որ տեսականը լավ գիտեն, կիրառել, սակայն, չի ստացվում պարենի սակավության կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ բացակայության պայմաններում: Պատերազմից հետո խնդիրները բազում էին, հիմա խնդիրներ կան, որոնք անլուծելի են թվում: Նրա նպատակը՝ ձևավորել առողջ դատողությամբ երեխա, մնում է առաջնային և չնայած թշնամանքի ու ատելության մթնոլորտում անհնար է լավ մարդ դաստիարակել, նա շարունակում է անել հնարավորը, որ աշակերտները սիրո և համերաշխության մեջ լինեն: