AybPod

#44 Կրթություն շրջափակման մեջ. ուսուցչի պատում Արցախից

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի 44-րդ թողարկումը մարդկային պատում է Արցախի հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղից: Մաթեմատիկայի ուսուցչուհի, Շուշիում գործող, այժմ Ստեփանակերտում վերաբացված Դանիել Ղազարյանի անվան դպրոցի ուսմասվար Արմինե Մաթևոսյանը պատմում է, թե ինչպես է կազմակերպվում կրթությունը շրջափակման ժամանակ: Արդեն ութ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով երկրում ապրող 30 000 երեխա զրկված է տարրական իրավունքներ իրացնելու հնարավորությունից: Շրջափակումը խաթարել է բոլոր կարևորագույն ոլորտների աշխատանքը, այդ թվում`կրթության, որի ազդեցությունը միայն երկարաժամկետ հեռանկարում կարելի է տեսնել: Թերսնված երեխաներից չեն կարողանում պահանջել սովորել, դասերը կազմակերպում են ոչ ընդունված ձևով, գրենական պիտույքներ չկան, պարենի պաշարի մասին խոսելն ավելորդ է: Քովիդի շրջանում առանց այն էլ ոչ արդյունավետ հեռավար կրթությունն այժմ նման իրավիճակում անիրագործելի է, քանի որ էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքով անհնար է դառնում կրթության պատշաճ կազմակերպումը: Բազմաթիվ երեխաներ և ուսուցիչներ Ստեփանակերտ են հասնում շրջաններից, իսկ հուլիսի 25-ից Արցախում չի գործում թե՛ միջհամայնքային, թե՛ քաղաքային տրանսպորտը: Արցախահայության տոկունությունն ու կամքը, կրթության կազմակերպման հնարներն անգամ չեն կարող գործել, եթե շրջափակմանը վերջ չտրվի: Արմինե Մաթևոսյանի պատումը առավել քան շոշափելի է դարձնում ծանրագույն այն շրջանը, որի միջով անցում է Արցախը: