AybPod

#42 Կրթության հանրայնացման համար պետք է փիար

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի 42-րդ թողարկմանը ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի ղեկավար, դոցենտ Նվարդ Մելքոնյանն անդրադառնում է կրթության փիարին: Կրթությունը համընդհանուր երևույթ է, և ցանկացած պետություն հաջողելու համար պետք է ունենա ռազմավարություն: Սա նշանակում է, որ բոլոր ոլորտներն իրենց ջանքերը պետք է համախմբված ուղղեն դրա զարգացմանը, այլապես տարբեր հարթակներով ցուցադրվող սերիալները, որտեղ սովորելու ձգտում ունեցողը ներկայացվում է որպես «դոդիկ» կամ «ինժեներ բալա», շարունակելու են տանուլ տալ մի ամբողջ սերնդի կրթություն, վերջինս էլ անդադար պարտվելու է անորակությանը: Կրթությունը միշտ ունեցել է հաղորդակցությունների կառավարման ու մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված լինելու՝ փիարի կարիք: Նվարդ Մելքոնյանը պնդում է, որ այն պետք է ներկայացնել ոչ միայն որպես արժեք, այլ նաև անդրադառնալ կրթության առանձին ինստիտուտներին: Մասնագիտական կողմնորոշումը դարձել է անհրաժեշտություն, որովհետև ժամանակակից սերունդը ծուլանում է սովորել, քանի որ նրա հետ չեն խոսում կրթության դերի և արժեքի մասին: Վերջին շրջանում հատկապես դեռահասները, տեսնելով տարբեր բլոգերների, որոնք նշում են, որ թողել են աշխատանքը, կիսատ են թողել կրթությունը և մեծ գումարներ են աշխատում, կրթությունը չեն դիտարկում որպես ֆունդամենտալ գործոն, որը կարող է նաև եկամտաբեր լինել: Նվարդ Մելքոնյանը կարծում է, որ այժմ նույնիսկ մասնագիտություններ կան, որոնք ունեն առանձին փիարի կարիք: Ովքե՞ր են հիմա ուզում դառնալ ուսուցիչներ՝ սակավաթիվ մարդիկ, հետևաբար պետք է ուսուցչի փիարով ևս զբաղվել: Այդ թողարկման ընթացքում փորձել ենք բացատրել կրթության հիմնական բաղադրիչները փիարի տեսանկյունից: