AybPod

#41 Կրթությանն ուղղված գումարը ներդրում է, ոչ թե ծախս

Episode Summary

«Այբփոդ» 41-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանի հետ քննարկում ենք աղքատության ազդեցությունը կրթության հասանելիության, զարգացման և որակի վրա: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ազդեցություն ունի նախաճաշը, առողջ սնունդը երեխայի կրթության վրա: Սոցիալական վատ պայմաններում ապրող երեխայից ակնկալել, որ նա կգնա դպրոց և միայն իր կամային հատկանիշների վրա հիմնվելով՝ կսովորի, թյուրըմբռնում է: Աղքատության հաղթահարումը լրջագույն մարտահրավեր է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Թեև Հայաստանի մեծ մասում երեխաները դպրոցի ֆիզիկական հասանելիության խնդիր չունեն, մեր երկրում մարզերի անհամաչափ զարգացումը ազդում է նաև որակյալ կրթության վրա, ընդ որում՝ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ պատկերը կարող է փոխվել՝ կախված այն խնդիրներից ու մարտահրավերներից, որ առկա են տվյալ տարածքում: Երեխան կարող է ֆիզիկապես հասնել դպրոց, սակայն դասերում ներգրավում և մասնակցություն չունենալ, իսկ քանի որ ներդնելով երեխայի կրթության մեջ՝ մենք նպաստում ենք ուժեղ և բարեկեցիկ պետության կառուցմանը, ամեն բան պետք է անել՝ հաղթահարելու այն խոչընդոտները, որոնք պատնեշում են որակյալ կրթության ստացումը: