2014 թվականից «Այբ» կրթական հիմնադրամն անց է կացնում հայերենին նիվրված «Մեղու» մրցույթը: Տարբեր տարիների մրցույթի մասնակիցներ Սամվելն ու Սյուզաննան, սակայն, ասում են, որ այն միայն հայերենի մասին չէ, այլ տրամաբանական, հետաքրքրաշարժ առաջադրանքների մի փաթեթ: Մրցույթը ճիշտ հայերենի նման է՝ գրավիչ, բայց երբեմն իսկական գլուխկոտրուկ: Սամվելն ասում է, որ բոլոր առարկաները սիրում է ու կրթությունն իր համար պարզապես հաճույք է, քանի որ կրթվել նշանակում է կարևոր ներդրում կատարել ապագայի մեջ: Երբեք չի մտածել՝ «Մեղու» մրցույթում կհաղթի, թե՞ ոչ: Նրան գրավում է պարապելու, նոր գիտելիքներ ստանալու գործընթացը: Սյուզաննան ութ տարեկանից բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում ու ստիպված է ամեն օր պարապել և ժրաջան աշխատել՝ հանուն հայոց լեզվի պահպանման:Երբեմն ռուսերեն է մտածում, սակայն դպրոցական հետազոտությունները հայոց պատմության ու լեզվի մասին, ազգային պարի հաճախելն ու տանը հայերեն խոսելն օգնում են հաղթահարել լեզվական խոչընդոտներն ու հաջողություններ գրանցել «Մեղու» մրցույթում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Ջավադյանն ասում է, որ «Մեղու» մրցույթին պատրաստվում են տարեսկզբից: Աշակերտները սկզբում նորարությունների հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեն, սակայն միասին ձեռնոց են նետում դժվարություններին ու ժիր մեղուների պես աշխատում հանուն «մայր մեղվի»՝ մայր լեզվի: «Մեղուն» միջոց է բացահայտելու մեր չնաշխարհիկ հայերենը: