AybPod

#39 Առցանց կրթություն. մարտահրավերներ և հնարավորություններ

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքի այս թողարկման մեջ ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԵՊՀ դասախոս, այժմ Ավստրիայի Գրացի համալսարանի հյուր-պրոֆեսոր Աննա Ալեքսանյանն անդրադառնում են Հայաստանում առցանց կրթության կազմակերպման մարտահրավերներին ու հնարավորություններին՝ օրինակներ ներկայացնելով իրենց փորձից: «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ մի հետազոտություն էր իրականացրել, որը վերաբերում է առցանց կրթությանը, բացասական և դրական կողմերին, դասապրոցեսի փոխակերպմանը և այլն: Հետազատության մեջ կարևորվում է միջազգային փորձի ուսումնասիրությունը, սեփական փորձառության հետադարձ վերլուծությունը և ուսուցչական համայնքների գործարկումը: Որպես գործող մանկավարժ և ադմինիստրատիվ աշխատող, որոնք անմիջական շփում ունեն շահառուների հետ, մեր խոսնակները վերլուծում են իրենց փորձառությունը, պատմում շահառուների արձագանքի մասին ու առաջարկում խնդիրներին լուծում գտնելու իրենց տարբերակները: «Զիլ զրույց»-ը լսելով՝ հնարավորություն կստանաք առավել պարզ ու մատչելի հասկանալու առցանց կրթության կազմակերպման խնդիրները մեր երկրում, պարզելու, թե այս ձևաչափը կիրառելիս արդյո՞ք հաշվի են առնվում մեր երկրի մշակութային առանձնահատկությունները, թե՞ այն համամարդկային է: Կրթության ոլորտի ներկայացուցիչները համակարծիք են, որ ուսուցչին անհրաժեշտ են մի շարք կարողություններ և հմտություններ առցանց կրթությունը հնարավորինս բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս հարցը կարևոր է, քանի որ շատերն են մտածում, որ առցանց կրթությունը նույն դեմառդեմ կրթությունն է, որը կազմակերպվում է էկրանի առջև: Սակայն տարբեր երկրներ առցանց կրթությունը կազմակերպելիս այն ոչ թե փոխարկում են, այլ նորովի մշակում՝ հաշվի առնելով տարբեր լրջագույն հանգամանքներ: