AybPod

#35 Արհեստական բանականություն VS Մաթեմատիկա

Episode Summary

«Այբփոդ»-ի այս էպիզոդում անդրադառնում ենք մաթեմատիկային: «Այբ» դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, մաթեմատիկայի և ՏՏ առարկայախմբի ղեկավար Ալեքսան Մխիթարյանը, Վանանդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Լևոն Բեժանյանը և աշակերտներ Նարեկ Դավթյանն ու Հասմիկ Մինասյանն անդրադառնում են մաթեմատիկային տարբեր անկյուններից՝ ընդ որում, ամեն մեկը իր սերնդին բնորոշ տրամաբանությամբ ու առանձնահատկությամբ: Փորձում ենք հասկանալ՝ ինչու՞ են դասագրքերում մաթեմատիկայի խնդիրները գրված ոչ պարզ, մատչելի լեզվով, արդյո՞ք կրթական նոր չափորոշիչներն ազդում են մեթոդաբանության և մոտեցման վրա այն պարագայում, երբ մաթեմատիկան հազարամյակներ շարունակ նույնն է մնացել: Եթե ուսուցիչները գտնում են, որ ինչքան էլ մաթեմատիկոս լինելը թրենդային մասնագիտություն չէ Հայաստանում, միևնույնն է, պետք են նվիրյալներ, որոնք կզբաղվեն գիտությամբ, ապա երիտասարդներն ավելի հակված են ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կապահովի ֆինանսական կայունություն: Անդրադարձել ենք նաև արհեստական բանականության ստեղծմանն ու դրա հնարավոր ազդեցությանը մաթեմատիկայի վրա: Նարեկը կարծում է, որ արհեստական բանականությունը հաղթում է մաթեմատիկային, Հասմիկը և ուսուցիչներն էլ համաձայնում են, սակայն պնդում, որ նախ, դա կտեսնենք երկարաժամկետ հեռանկարում, երկրորդ՝ այդ նույն արհեստական բանականությունը ստեղծվել է մաթեմատիկա իմացողների կողմից, դեռ չգիտենք՝ ով ում է հաղթում: Փիլիսոփայական մի հարց էլ վերջում՝ ինչու՞ իմանալ մաթեմատիկա, եթե գուգլն արդեն ամեն ինչ գիտի: Այս հարցում բոլոր համակարծիք են. մաթեմատիկան մարզում է միտքը, զարգացնում է տրամաբանությունը, սովորեցնում է պայքարել, հաղթահարել, այնպես որ, արագությունը, որ հաճախ մատնում է ալարկոտության, կարող է նոր սերնդի համար վատ հետևանքներ ունենալ: