AybPod

#33 Երբ «ընկեր ուսուցիչը»-ը դառնում է իսկական «ընկեր»

Episode Summary

«Այբփոդ»-ի Զիլ զրույց շարքում այս անգամ կրթական համակարգի խնդիրներն ու մարտահրավերները քննարկում են անմիջապես «առաջին ձեռքից»: Կոտայքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Աբրահամյանը և «Այբ» դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Վահրամ Սարգսյանը երիտասարդ մանկավարժական սերունդն են ներկայացնում՝ ժամանակակից մոտեցումն ու ավագ ընկերների հարուստ փորձը ծառայեցնելով «համացանցային սերնդի» պահանջներին: Ուսուցիչները քննարկում են, թե իրենց ուսումնառության տարիներից ի վեր ինչպե՞ս է փոխվել կրթողի դերը, արդյո՞ք ուսուցիչը սոսկ գիտելիք փոխանցող է, թե՞ ընկեր, ուղղորդող, որը մեկ քայլ առաջ է փորձում մտածել, իրականացնել համագործակցող կրթություն, հնարավորություն տալ աշակերտին որոշում կայացնել, ձախողվել ու բարձրանալ: Մասնագետները հատուկ տեղ են հատկանցում նախագծահեն կրթությանը, ու յուրաքանչյուրը ներկայացնում է իր հաջողված փորձի պատմությունը՝ ընթերցասերների ակումբի բացումից մինչև աշակերտներ, որոնք քարտեզագրումներ են անում: Անդրադառնում են նաև դասագրքերի անհրապույր լինելուն ու լուծումներ առաջարկում, փորձում հասկանալ՝ արդյո՞ք ուսուցչի աշխատավարձը միակ մոտիվացիան է պայծառ տրամադրությամբ դպրոց մտնելու և այլն: Այս զրույցը երկու ուսուցիչների մասին չէ. այն համակարգային ու տեղային անդրադառնում է հստակ խնդիրների ու փորձում խնդիրները վերհանելով՝ առաջարկներ ներկայացնել, որ մենք ունենանք ուժեղ ուսուցիչ, ուժեղ աշակերտ և ուժեղ պետություն: