AybPod

#31 Զիլ զրույց. Պետության կարևոր հարցերը՝ 5-րդ և 8-րդ դասարանի աշակերտներից

Episode Summary

Հինգերորդ դասարանում սովորող Գայանե Ավետիսյանը և ութերորդ դասարանցի Սամվել Խաչատրյանը «Այբփոդ»-ի «Զիլ զրույց» շարքի սկզբում քննարկում եմ «թեթև» հարցեր՝ պատմելով իրենց սիրած գրքերի, կարդալու նշանակության, ընթերցանության ազդեցության մասին: Հետո գալիս են լուրջ խնդիրներն ու մարտահրավերները, և երեխաները առաջարկում են կրթության մեջ հստակ փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրենց սերունդը ավելի գրագետ, բանիմաց ու պիտանի դառնա: Սամվելն, օրինակ, կվերապատրաստեր ուսուցիչներին այնպես, որ իրենց գործի գիտակը լինեին, ռոբոտաշինության դասընթացները բոլոր հանրակրթական դպրոցներում կդարձներ պարտադիր: Իսկ Գայանեն հայագիտության դասընթացի զարգացմանը զարկ կտար, կօգներ երեխաներին հոգ տանել բնության մասին, արժևորել կրթությունը: Նկատել են, որ երբեմն մեր քաղաքացիները անպատասխանատու են երկրի, քաղաքի, գյուղի հանդեպ ու կարծում են, որ այդ ամենը սկսվում է կրթությունից: Երեխաներն անդրադառնում են նաև դպրոցում գնահատման համակարգին, նշում, թե արդյո՞ք դպրոցականը կարիք ունի գնահատականի լավ սովորելու համար, արդյո՞ք ծնողներն իրենց հանդիմանում են, երբ ցածր գնահատական են ստանում: Երկուսն էլ համոզված են, որ եթե մենք ուզում ենք ճանաչել մեր երկիրը, պետք է ոչ միայն շրջենք Հայաստանով, այլ նաև շատ կարդանք հանրագիտարաններ, համացանցից օգտվենք ու ինֆորմացիա ստանանք, քանի որ, ինչպես Սամվելն է ասում՝ եթե դու չճանաչես քո երկիրը, ուրեմն այն արդեն քոնը չէ: