AybPod

#30 Սովորել ավագ դպրոցում 1000 դրամով․ երեխաների 75%-ին «Այբ» հիմնադրամն ապահովում է կրթաթոշակով

Episode Summary

«Այբփոդ»-ի տարեվերջյան էպիզոդում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը խոսում են այս տարվա կարևոր ձեռքբերումների և գալիք տարվա պլանների մասին: Տարվա ամփոփումը թվային է, այն առավել, քան չափելի է, սակայն բոլոր տոկոսների ու թվերի հետևում մարդկային պատմություններ են. երեխաներ, որոնք իրականացրել են երազանքները, բարերաներ, որոնք ներդրել են իրենց միջոցներն ու ժամանակը հանուն լավագույն կրթության, ուսուցիչներ, որոնք հնարավորություն են ստացել յուրովի արժևորել իրենց աշխատանքն ու նորից սիրահարվել մասնագիտությանը: Սոնա Կոշեցյանը պատմում է, որ տարվա ընթացքում բազմիցս եղել են Տավուշի մարզի տարբեր դպրոցներում: Լճկաձոր այցի ժամանակ 10 հոգանոց դասարանում նկատել են մի երեխայի, որ ներառական կրթական ծրագրով է սովորել ու փոխադրվել երկրորդ դասարան: Ուսուցչի ջանքերի շնորհիվ, որը կարողացել է համախմբել աշակերտներին, երեխան ուշագրավ հաջողություններ է գրանցել: Հիմնադրամի տնօրենն ասում է, որ փոփոխություններ տեսնելը հուզմունք է առաջացնում ու ոգևորում ավելի մեծ ներդրումով աշխատել: Դավիթ Սահակյանն ասում է, որ «Այբ» դպրոցը գոյություն ունի բարերարների ներդրումների շնորհիվ, որոնք գումարներ նվիրաբերելով օգնում են տարբեր սոցիալական պայմաններում ապրող երեխաներին ստանալ կրթաթոշակ ավագ դպրոցում ուսանելիս: Իրենց նպատակն ի սկզբանե աշակերտական և ուսուցչական ամուր համայնք ստեղծելն էր, դա է պատճառը, որ բազմաթիվ երեխաներ, ուսում ստանալով արտասահմանում, միևնույնն է, գաղափարապես այնքան կապված են երկրին ու դրան ծառայելուն, որ ուր էլ գնան, հայանպաստ նախագծերի են մասնակցում: Անցնող տարում «Այբ»-ն իր բարերարական ու գործընկերային համայնքի հետ միասին կրթության մեջ ներգրավել է 619 960 329 դրամ՝ ստեղծելով նոր հնարավորություններ նոր շահառուների համար։ Այս տարի մեկնարկեցինք կրթական մեր փիլիսոփայության առանցքում կարևոր տեղ զբաղեցնող «Ինքնություն և արժեքներ» հեռուստատեսային հաղորդաշարը, որը նաև հանրության հետ երկխոսելու բաց հարթակ է։ «Այբ» հիբրիդային կրթությունը, որը սովորողներին առաջարկում է միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վրա հիմնված մրցունակ և ամբողջական կրթություն՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, տվեց իր առաջին պտուղները։ 66 մասնակից ողջ հանրապետությունից ու Արցախից, ձեռք բերելով բացառիկ մրցունակ հմտություններ, այսօր արդեն 11 նախագիծ են իրականացնում բնագիտության ոլորտում։ Ամփոփեցինք Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը՝ Եվրոպական միության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Արդյունքում մասնագիտական կարողությունների զարգացման բազմակողմ ծրագրով վերապատրաստվեցին բնագիտամաթեմատիկական առարկաների 680 ուսուցիչ և 156 տնօրեն ու փոխտնօրեն Տավուշի մարզի 78 դպրոցից։