AybPod

#29 Վիզուալ աղտոտվածություն, ռուսերեն՝ առանց հայերենի, ոտնահարված մշակութային ժառանգություն

Episode Summary

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-յի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Ամիրյանը նշում է, որ իրազեկվածության պակասը մշակութային իրավունքների տեսանկյունից բերում է հետևանքների ինչպես անհատական, այնպես էլ ժողովրդական մակարդակում: Այն, ինչ կատարվում է այսօր հայկական բնակավայրերում, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, մշակութային իրավունքի կոպիտ ոտնահարում է: Սրանով պետք է զբաղվեն և՛ պատկան մարմինները, և՛ տարատեսակ մշակութային կառույցներ, և՛ մենք՝ անհատներս: Անդրադառնում է նաև անհատի մշակութային իրավունքների խախտմանը և օրինակ բերում. Հայաստանում բնակություն հաստատած ռուսները, որոնց մեծ մասն իսկապես առաջադեմ մարդիկ են, գուցե ոչ դիտավորյալ, բայց խախտում են մեր երկրում գործող լեզվի մասին օրենքը: Միջոցառումներ կան, որոնց ընթացքում տարբեր ռուսական տաղավարներում ամեն բան ռուսերեն է՝ առանց հայերեն թարգմանության, ինչը լեզվի մասին օրենքի խախտում է: Տիգրանը խոսում է մի տերմինի մասին, որը կոչվում է «վիզուալ աղտոտվածություն», երբ քաղաքը կամ տարածքը տարատեսակ պաստառներով է պատվում առանց հաշվի առնելու, թե որքանով է դա ազդում քաղաքի դիմագծին: Տարբեր պաստառներ, որոնք հայտնվում են շինությունների վրա հաճախ օտար լեզվով հայերեն տառերով են գրված, գույների համադրությունը պահպանված չէ, շենքերի ճակատային մասում՝ ֆասադների վրա են փակցվում և հետո անհայտ է, թե ինչ տեղի ունեցավ դրանց հետ և այլն: Իմացե՛ք ձեր մշակութային իրավունքները: