AybPod

#23 Վերապատրաստումը «նոր ուսուցիչ» կերտելու միջոց

Episode Summary

«Այբփոդի» այս թողարկումը նվիրված է ուսուցիչների վերապատրաստումներին, որոնք վերաբերում են ոչ միայն մանկավարժներին, այլ նաև՝ ծնողներին, աշակերտներին, բոլորիս, քանի որ կուռ և բարձր մակարդակի կրթական համակարգ ունենալու համար պատասխանատու ենք բոլորս: Մեզնից ամեն մեկն է պատասխանատու համագործակցել հանուն ուժեղ պետության, իսկ ժամանակակից աշխարհում պետության ամուր հենքը կրթությունն է, որից էլ բխում են հաջողությունները կամ ձախողումները: «Այբ» կրթական հիմնադրամի «Այբ» ակադեմիայի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանի հետ քննարկել ենք ՀՀ կրթական նոր չափորոշիչներում տեղ գտած մի շարք հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստում, խմբային աշխատանք, նախագծային ուսումնառություն և ձևավորող գնահատման համակարգ, ուսուցիչների կողմից կատարվող պարտադիր հետազոտական աշխատանքներ և այլն: «Այբ» դպրոցը, որպես վերապատրաստող կառույց, հիմնվում է սեփական փորձի վրա՝ քաջալերելով հանրակրթական դպրոցների ուսուցիչներին դասավանդման նոր մեթոդներ կիրառել ու հասնել առավելագույն արդյունքի և աշակերտների հետ արդյունավետ համագործակցության: Որպես գործող մասնագետ, Անահիտ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ հնարավոր է բոլոր աշակերտներին խմբային աշխատանքի միջոցով ներգրավել դասին՝ առանց լրացուցիչ բեռ վերցնելու: Ուսուցչի համար խմբային աշխատանքը և՛ հնարավորություն է բացահայտել բոլոր աշակերտների ունակություններն ու ծանոթանալ նրանց կարծիքներին, և՛ միջոց՝ տալ երեխաներին համագործակցելու հմտություններ: Այս թողարկման մեջ կրթական մարտահրավերներն են, դրանց հետևանքները, դասավանդման ժամանակակից մեթոդներն ու հաղորդակցահեն կրթություն ունենալու տեսլականը: Ամեն ինչ սկսվում է կրթությունից ու ցավոք, նաև դրա բացակայությունից:

Episode Notes

Առաջիկայում «Այբ» ակադեմիան ծրագրում է «Ձևավորող գնահատում» թեմայով վերապատրաստում ուսուցիչների համար, որին մասնակցելու համար գրանցվեք https://forms.gle/joTb7wz6WPHznDMS8  հղումով։