Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը տարիներ առաջ ներկայանում էր որպես բանաստեղծ, հետո «ուհի» վերջավորությանը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել՝ հասկանալով, որ հաճախ կին լինելը կասկածի տակ է դնում տվյալ մասնագիտության մեջ լավագույնը լինելը կամ դրան ձգտելը: Դպրոցական դասագրքերում հայ կին գրողների դերը ևս ներկայացված չէ այնպես, ինչպես կուզենար: Փորձեք հիշել, թե ձեր դպրոցական տարիներին քանի բանաստեղծուհու էիք անդրադառնում ու երևի թե կմտաբերեք միայն Սիլվա Կապուտիկյանին, այնինչ հայ գրականությունը կին գրողներ ունի, որոնց գործերի հիման վրա անգամ կարելի է ֆիլմեր, ինչու ոչ՝ սերիալներ նկարահանել: 21-րդ դարի բանաստեղծությունը դադարել է լինել լոկ սիրուն տեքստ. այն երբեմն ըմբոստ է, մտածող, վերլուծող, սոցիալական խնդիրներ բարձրաձայնող: Հասմիկը կարծում է, որ պոեզիան ես-ի մասին է, այն խիստ անձնական պատմություն է, որ հետո կարդացվում է, հուզում մյուսներին ու իր մեջ սկսում միավորել լիքը այլ ես-եր ու նրանց խնդիրները, հույզերը: Հասմիկի հետ զրուցել ենք այն մասին, թե ի՞նչ պետք է անել, որ երեխաները՝ անկախ դասագրքային պահանջներից ու մեթոդաբանությունից, սիրահարվեն պոեզիային, չդիտարկեն այն իբրև ձանձրալի ու տհաճ մի բան, որը պետք է լինի վեհ, պաթետիկ ու որն անպայման պետք է անգիր սովորել, այլապես էլ ի՜նչ պոեզիա: