AybPod

#20 Հարց տուր, որ փոխես աշխարհը

Episode Summary

«Այբփոդի» այս էպիզոդի հյուրն է «GOALS» կրթական հիմնադրամի տնօրեն Թենի Ավագյանը: Այս զրույցի առաջին մասում մենք անդրադարձել ենք Հայաստանի գյուղական համայնքներում սպորտի միջոցով աղջիկների ու երիտասարդ կանանց առաջնորդության հմտությունների, առողջ ապրելակերպի զարգացմանն ու կենսամակարդակի բարձրացման խթանմանը: Թենին ասում է, որ իրենց նպատակը ոչ թե աղջիկներին հզորացնելն է՝ ստվերում թողնելով տղաներին, այլ հակառակը՝ ձևավորել կուռ համագործակցություն,որի արդյունքում երկու կողմն էլ կհասկանան, որ խաղադաշտում իրենց տրվում են հավասար հնարավորություններ և նրանց հաջողությունները կախված չեն սեռից: Աշխատում են ծնողների հետ, քանի որ հասկացել են, որ ծնողների ազդեցությունը շատ մեծ է ու հաճախ այս ազդեցությունը պայմանավորված է կարծրատիպերով, համայնքում առկա խնդիրներով, միջավայրային գործոններով և այլն: Էպիզոդի երկրորդ մասում խոսել ենք հին կրթական համակարգի սպառված լինելու, բայց նորի մեջ տեղավորվելու փորձ անելու մասին: Մենք ունենք մանկավարժների մի ստվար զանգված, որոնք չեն ցանկանում ընդունել, որ տեխնոլոգիաների դարում ծնված ու մեծացող սերունդն ի վիճակի չէ մտածել այնպես, ինչպես իրենք, որ այս սերունդն ունի այլ ակնկալիքներ, այլ պահանջներ ու կարիքներ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Թենին ներկայացնում է իր փորձը որպես ուսանող, և իր երեխայի՝ դպրոցում ունեցած դժվարությունները՝ կապված կրթական համակարգի չափորոշիչների, գնահատման ձևերի հետ: Մենք պետք է ձևավորենք մի համակարգ, որտեղ երեխաներին սովորեցնում են վերլուծել, չհամաձայնվել, հայտնել տեսակետ, որովհետև հենց դրա արդյունքում են աշխարհում տեղի ունեցել գիտական հեղափոխություններ, ստեղծվել ինովացիոն համակարգեր, հենց դա է շարժում մեր աշխարհն ու առաջ մղում այն: