Այբփոդի այս էպիզոդի հյուրն է Օքսֆորդի համալսարանի Բակալավրիատի ընդունելության գործառնությունների ղեկավար Մարիաննա Ասատրյանը, որը 20 տարի առաջ ավարտել է Բրյուսովի անվան պետական համալսարանը: Մարիաննան ընդգծում է, որ ստացած գիտելիքների 70 տոկոսից ավելին չի կիրառել ո՛չ հետագա ուսման ընթացքում, ո՛չ աշխատանքում: Պատճառը ոչ միայն պետական կրթական չափորոշիչներն են, այլև հաճախ հենց համալսարանների՝ ոչ անկախ լինելն ու սեփական կրթական տեսլականի բացակայությունը: Մի քանի ամիս առաջ կրթության գծով մասնագետը եղել է Հայաստանում, դասախոսություններ կարդացել Ամերիկյան համալսարանում, ԵՊՀ-ում, Եվրոպական ակադեմիայում ու ավելի խորությամբ ծանոթացել հայկական կրթական համակարգին: Նախորդ դարում աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ Օքսֆորդի փողոցներով քայլելիս կտեսնեիր բացառապես սպիտակամորթ, անգլիական ազնվականությունը ներկայացնող տղամարդկանց: Այսօրվա Օքսֆորդը ավելի շատ մեծ քաղաք է հիշեցնում, որտեղ կան էթնիկ փոքրամասնություններ, աղջիկներ և տղաներ, սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ, մարդիկ, որոնց դպրոցական կրթությունը որակապես բարձր չէ, բայց նրանց ձգտումներն ու աշխատասիրությունը նրանց բերել են Օքսֆորդ: Երկրում գործող «Գրասենյակ ուսանողների համար» կառույցը չափորոշիչներ է մշակել ու ամեն համալսարանի պարտավորեցրել իր սեփական տեսլականն ունենալ այն մասին, թե որտեղ են գտնվում և ուր են ուզում հասնել: Կառույցի աշխատակիցներն ու օրինակ, Օքսֆորդի կամավորները գնում են այդ դպրոցներ ու ոչ թե հանդիմանում, թե ինչու երեխաները մաթեմատիկա չգիտեն, կամ փորձում նրանց սովորեցնել, այլ մշակում են հմտություններ, թե ինչպես պետք է առհասարակ սովորել, ինչպես ինքնակրթվել, կարողություն ձեռքբերել մտածելու ու վերլուծելու: Անգլիայում մեծ ուշադրություն է դարձվում նաև ներառական կրթությանը ու եթե խոսենք հաշմանդամության համատեքստում, ապա սովորելու դժվարություններ ունեցող երեխաների կամ ուսանողների համար մատչելի պայմանների ստեղծումն այստեղ առաջնահերթություն է: Պարզ պատճառ կա՝ ամեն մեկս ունենք մեր սովորելու կերպն ու ընկալումները, դրանք միմյանցից տարբերվում են, հաճախ մենք կարիք ունենք այլընտրանքային տեխնոլոգիաների կամ մեթոդների այս կամ այն նյութը հասկանալու համար ու համապատասխան միջավայրի, մեթոդի բացակայությունն է, որ բերում է հաշմանդմություն ունեցող մարդկանց համար դժվարություններ: Ուսումնասիրելով մեր կրթական համակարգը, Մարիաննան հասկացել է, որ Հայաստանում համալսարանները չեն ստանում այն դիմորդին, որի անհրաժեշտությունը կա ու դա կապված է ընդունելության քննությունների հետ: Դպրոցից դեպի համալսարան անցումային ճեղվածք կա, որը թույլ չի տալիս համալսարանին ստանալ իր պոտենցիալ ուսանողին, իսկ վերջինիս էլ զրկում է հնարավորությունից՝ գտնել իր նախընտրած կրթական հաստատությունը:
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը ճանաչել է բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին համազոր, որի շնորհիվ հայ շրջանավարտներն առանց հավելյալ քննությունների և հայալեզու կրթության հիման վրա կարող են ընդունվել աշխարհի (այդ թվում՝ անգլիական) առաջատար բուհեր:
Մեր էպիզոդներից մեկում պատմել ենք ԱԲ շրջանավարտի նմանատիպ փորձառության մասին: Այն հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://aybpod.simplecast.com/episodes/7