ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Կալամազու քաղաքի դպրոցներից մեկում 32 տարի ուսուցիչ աշխատելուց հետո երաժիշտ Գրեգ Գրեյսն այս տարի թոշակի է անցել: Մենք նրա հետ խոսել ենք ամերիկյան դպրոցական կրթության մարտահրավերներից, խնդիրներից ու բացերից: Թվում է, թե մի երկրում, որտեղ գտնվում են աշխարհի ամենահայտնի համալսարանների մեծ մասը, դպրոցական կրթությունը պետք է ևս բարձր մակարդակի վրա լինի, բայց ուսուցիչների աշխատավարձից սկսած մինչև հաղորդակցահեն, ներառական կրթություն, առկա են խորը արմատներ ունեցող խնդիրներ: Ամերիկյան ֆիլմերում տեսած սևամորթների ու սպիտակամորթների հրաշալի հարաբերությունների մասին կադրերը տեղ-տեղ անհետանում են, երբ տեսնում ես, թե ինչ խտրականություն կա դպրոցներում: Գրեգն ասում է, որ սեգրեգացիայի առաջին ակնհայտ ապացույցն այն է, որ սևամորթները, որոնք ապրում են քաղաքի հստակ թաղամասերում, գալիս են դպրոց՝ տիրապետելով մի անգլերենի, որն անհասկանալի է: Դա լրիվ այլ անգլերեն է: Աշակերտներից շատերը սոցիալական չափազանց ծանր պայմաններում են ապրում, ստիպված են լինում հոգ տանել մեծ ընտանիքի կարիքները, ու եթե այդ երեխան՝ ունենալով նման ծանրություն իր ուսերին, գալիս է դպրոց, արդեն հաջողություն է: Ուսուցիչը պետք է օգնի նրան և՛ ձախողվել, և՛ վեր կենալ, բայց հաճախ կրթական համակարգի սահմանված չափանիշները խանգարում են նրան: Կրթության գույների, կրթությանը սիրահարվելու մասին պատմում է Գրեգ Գրեյսը: