Բազումք տիեզերական լաբորատորիայի երիտասարդ համահիմնադիր Վաչիկ Խաչատրյանի հետ հանդիպում ենք հենց լաբում, որտեղ լիքը անհասկանալի առարկաներ կան դրված: Կատակում ենք՝ տիեզերական էպիզոդ ենք պատրաստում, բայց Վաչիկը մեծ երազանքներ ունի իր թիմի հետ, հետևաբար տիեզերք հասնելը նրա համար բոլորովին էլ ծիծաղելի չէ: Լաբորատորիայում տարբեր հետազոտություններ են իրականացնում, հետո անցնում գործողությունների: Երեխաների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը զարգացնելու համար էլ հիմնել են spaceshop42 գիտական խաղալիքների խանութը, որտեղ և՛ խաղալիք են վաճառում, և՛ բլոգ վարում: Գիտությունն այս կայքում վեհ լինելով հանդերձ՝ մատչելի է ու անպատմելի հետաքրքիր: Վաչիկն ասում է, որ մենք իսկապես խնդիր ունենք գիտությունն իջեցնել երկնքից ու հավասարեցնել մարդկանց, ցույց տալ, որ մեր ամբողջ կենցաղն է հիմնված գիտական հնարքների վրա: Ժխտում է այն, որ պետությունից անդադար պետք է պահանջել, որովհետև կարծում է, որ այո', պետությունը թեև պարտավոր է նշաձող սահմանել, պատվիրակել որևէ բան, բայց անհատներն էլ պետք է խնդիրներ գտնեն, լուծումներ առաջարկեն: Հայաստանը երբեք չպետք է լոկալ մակարդակում գիտական փոփոխություններ անելու մասին մտածի: Մեր գիտական անցյալի ժառանգությունն ու այսօրվա գիտնականների ներուժը համադրելով, համագործակցելով սթարթափերի հետ, կարող ենք տիեզերական փոփոխություններ անել: Ուսանողը, որ որոշել է սովորել ֆիզիկայի կամ քիմիայի, որևէ այլ գիտական ճյուղի ֆակուլտետում, պետք է իմանա, որ գիտությունը փող է բերում թե՛ իրեն, թե՛ պետությանը:
Գիտական խաղալիքները կարող եք գտնել այստեղ` https://spaceshop42.com/