«Այբփոդ»-ի այս էպիզոդի թեման շատերին տարօրինակ ու զարմանալի կթվա, որովհետև մենք խոսում ենք ընթերցանության հմտությունների մասին: Ի՞նչ է, ընթերցելու համար հատուկ հմտություննե՞ր կան: Պարզվում է՝ այո: Կրթության գծով փորձագետ Մհեր Դավթյանն ասում է, որ երբ ավագ սերնդի ներկայացուցիչներին բացատրում է, որ կան հստակ ընթերցանության հմտություններ, անցյալն են մատնացույց անում ու պնդում, որ իրենց ժամանակ որևէ մեկը հմտությունից չէր խոսում, պարզապես բոլորը կարդում էին: Այս պնդումը, սակայն, ժամանակակից էր անցյալում, իսկ այժմ ամեն բան փոխվել է ու սկսած տառատեսակից մինչև կարդալու նկատմամբ սեր սերմանողներ, ամեն մանրուք կարևոր է: Էպիոզոդում Մհերն առաջարկում է մի քանի տարբերակներ, թե ինչպես զարգացնել կարդալու հմտությունները, խոսում է աուդիո ու շոշափելի գրքերի տարբերությունների, առավելությունների ու թերությունների մասին, ներկայացնում տվյալներ, թե Հայաստանում տարրական դպրոցն ավարտած երեխաների քանի տոկոսն է հասկանում մատուցված նյութը և այլն: Էպիզոդի երկրորդ մասում մարմնեղ, նիհար ու բարձրահասակ տառերն են, նեղ ու լայն լուսանցքները, տառատեսակները, որոնց անդրադառնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Հստակ օրինակներ բերելով, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից գիրքը, որպեսզի գրավի ընթերցողին, Արքմենիկն ունկնդրի ուշադրությանն է հրավիրում երևույթների վրա, որոնք ընթերցողը գուցե երբեք էլ չի նկատել, սակայն դա նպաստել է ընթերցանությանը: Գրականագետի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր հասարակության ընդամենը 1%-ն է գիրք ընթեցրում: Որպեսզի քաջալերենք ձեզ ընթերցել, էպիզոդի վերջում հնչեցնում ենք զրույցի հետ կապված հարց, որին ճիշտ պատասխանելու դեպքում մեր կողմից կստանաք ավստրիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Փեթեր Հանդքեի «Ճակատագրական դժբախտություն» գիրքը: Հարցի պատասխանը կարող եք գրել «Այբ» կրթական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում էպիզոդի հրապարակման տակ: