AybPod

#11 Երիտասարդությունը լավագույն շրջանն է սիրահարվելու ֆիզիկային

Episode Summary

«Այբփոդի» այս էպիզոդում «Ալիխանյանի անվան լաբորատորիայի» (Ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր, ԱՄՆ-ի «Նոտեր Դամ» համալսարանի դասախոս Անի Ապրահամյանի հետ խոսել ենք ոչ միայն ֆիզիկայի, այլ նաև գիտության՝ երկրին ծառայեցնելու, բիզնես նախագծերին օգնելու, ՏՏ ոլորտի հետ համագործակցելու մասին: Լիբանանում դպրոց հաճախելու տարիներին տիկին Ապրահամյանը ևս բախվում էր կարծիքին, թե բնագիտական առարկաները ձանձրալի ու բարդ են: Բայց նա վստահ է, որ երիտասարդությունը լավագույն ժամանակն է սիրահարվելու ֆիզիկային, հետաքրքրվելու, ուսումնասիրելու, պրպտելու ու ստեղծելու նորը: Գիտության մեջ ներդրում կատարելը երբեք ռիսկային չի համարել, քանի որ գիտի, որ ներդրված գումարը ու ներուժը երկարաժամկետ հեռանկարում լրջագույն հաջողություններ կարող են բերել երկրին: Հայաստանը ունի հնարավորություն և պետք է դառնա տարածաշրջանի գիտական կենտրոն, որովհետև մեր զարգացման ճանապարհը գիտության ու կրթության միջոցով է: Պատերազմի ժամանակ մենք տեսանք ու մեր մաշկի վրա զգացինք գիտության ոլորտի հետ կապված բացթողումներն ու խնդիրները, հետևաբար պիտի հարյուրապատիկ ջանք ներդնել այս ոլորտի զարգացման համար: Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում շուտով դպրոցականների ու երտիասարդների համար իր դռներն է բացելու գիտական թանգարանը, որտեղ հնարավոր կլինի իսկապես «շոշափել» ֆիզիկան, հարցեր տալ, սպառել հետաքրքրասիրությունն ու լցվել նոր գաղափարներով: Անի Ապրահամյանն ասում է,որ գիտության հետ կապված մեր խնդիրներից առաջնայինն է ապացուցել երիտասարդին, որ այս ոլորտն ապագա ունի, այն հեռանկարային է ու եկամտաբեր: Գիտությունը թրենդային է ու աշխարհում այո՛, կան հարուստ գիտնականներ: Գիտությունը երիտասարդ տարիքից սիրելու ևս մեկ հնարավորություն է «Այբ» կրթական հիմնադրամի «ԲՈՒՄ»՝ բնագիտության ուսանողական մրցաշարը, որը բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագիր է:

Episode Notes

«ԲՈՒՄ»՝ բնագիտության ուսանողական մրցաշարի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հղումով՝ https://contests.am/undergraduate-tournament-of-natural-science/